Posted in Մայրենի

Շունն ու Կատուն

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մտին,

Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար

Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․

Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,

Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.

— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

Ուստեն եկավ քուրքը հագին,
Շանը տեսավ, բեղի տակին
Իրեն-իրեն քիչ փընթփընթաց,

Ու մուշտարու վրա թնդաց.
— Ցուրտը տարա՞վ… վա՜հ, տնա՛շեն,
Չես թող անում մի շունչ քաշեն.
Հեշտ բան հո չի՞, հլա նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

— Դե հե՛ր օրհնած, էտե՛նց ասա,
Էդ բարկանալդ էլ ընչի՞ս ա:
Փող եմ տվել, վախտին կարի,
Թե չէ` ասա, էգուց արի:
Հա՛մ ասում ես, հա՛մ չես կարում,

Հա՛մ խոսում ես, վրես գոռում,
Հա՛մ, հա՛մ, հա՛մ, հա՛մ,
Քանի, ախպեր, գնամ ու գամ…
Ասավ Քուչին ու նեղացած
Վերադարձավ գլուխը բաց:

Մին էլ եկավ, դարձյալ չկար.
Էս անգամը դիպան իրար.
Էլ անպատիվ, անկարգ խոսքեր,
Էլ հին ու նո՜ր, էլ հերն ու մե՜ր,
Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն…

Բանը հասավ դիվանբաշուն:
Շունը մինչև գնաց, եկավ,
Ուստա Կատուն կոտրն ընկավ,
Գլուխն առավ ու մի գիշեր
Հայդե՛, կորավ. Էն կորչիլն էր․․․

Էն օրվանից մինչև օրս էլ
Շունն էս բանը չի մոռացել,
Մտքում հլա դեռ պահում ա,
Որտեղ Կատվին պատահում ա,
Վեր ա թըռչում, վրա վազում,

Իրեն մորթին ետ ա ուզում.
Իսկ սևերես Կատուն հանկարծ
Ետ ա դառնում ու բարկացած
Փշտացնում ա. մթամ նոր եմ
Ցրցամ տվել, թե որ կարեմ:

Բացատրություներ

Ճոն – մորթուցկաշվից հագուստ կարող
որդիանց որդի – որտեղից որտեղ
ճանկել – թռցնելձեռք գցել
ձմեռնամուտ – աշնան վերջըձմռան սկիզբը
կուշտը – մոտ
քուրք – մուշտակ
կուճի –  գլուխ
հրես – ահահիմա
մուշտարի – հաճախորդ
վախտին – ժամանակին
ցրցամ տալ – ջուր ցանելոր փափկի
դիպան իրար – կռվեցինվիճեցին
դիվանբաշի – դատավոր
կոտրն ընկնել – աղքատանալսնանկանալ
մթամ – իբր

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

________Ինձ թվում է կատուն ագահ է ,  որովհետև նա խոստացավ կատարեց , բայց իր խոստումը չկատարեց և մորթին իրեն պահեց։

  1. Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Ինձ թվում է, որ շունը համբերատար  է , որովհետև նա եկավ, գնաց, եկավ, գնաց։ 

  1. Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

Կատո’ւ, դու ագահ, անկուշտ, հիմար տպավորություն ես թողնում բոլորիս մոտ։ Երևի դու բոլորին խաբում ես, չեմ կարծում, որ կփոխվես, բայց շատ-շատ կուզեի, որ փոխվես։

  1. Կատվի անունից արդարացի՛ր:

Կատու, շատ ապրես, եղիր միշտ այդպես, որ դու հասնես քո ուզածին։

  1. «Շունն ու կատուն» պատմի՛ր մորթու անունից:

Շատ վատն են երկուսը, որովհետև մեկը ինձ պահում է իր մոտ, մեկը քաշում։ Դրա համար կխնդրեմ, այդ մորթիով կարեք երկու գդակ և այդպես դուք կընկերանաք։