Բարեկենդանի ծես

Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Բարեկենդան բառը կազմված է բարի և կենդանություն բառերից, գրաբարում/հին հայրենեում/ նշանակել է ուրախություն:

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Կանանչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

1907

Առաջադրանքներ

  1. Ուշադի՛ր կարդա բանաստեղծությունը։
  2. Ո՞ւմ է դիմում հեղինակը։
  3. Տարվա ո՞ր եղանակն է կերպավորված բանաստեղծության մեջ։
  4. Ըստ հեղինակի ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։ Դո՛ւրս գրիր համապատասխան տողերը։
  5. Ըստ քեզ ի՞նչ է բերելու իր հետ կանանչ ախպերը։
  6. Ի՞նչ տրամադրություն է հաղորդում բանաստեղծությունը։ Ի՞նչ գույնով կներկեիր այն։
  7. Նկարի՛ր բանաստեղծության հերոսին։
  8. Գարնանային մի հրավեր էլ ինքդ գրի՛ր։