Ոսկի և երկաթ

Ոսկի և երկաթ
Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ.
— Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.
— Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք:
Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում
ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է
օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի
կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում
են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա:
— Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ուրիշի
լավությունը չես տեսնում:
1902