Բառարան
Ավատ– տիրակալի կողմից ավատառուին (վասալին) տրված հողային տիրույթ
Ավատառու | անձ, որը տիրոջից հողի շնորհ է ստացել` հավատարմության և ծառայությունների դիմաց
Ավատատիրություն | սոցիալ-տնտեսական խիստ աստիճանակարգված համակարգ՝ հիմնված հողերի բաշխման և անձնական հավատարմության վրա։
Ազատներ և անազատներ | միմյանցից իրավունքներով և պարտականություններով առանձնացած հասարակական խավեր:
IV դարում Հայաստանը թևակոխեց նոր՝ ավատատիրական (ֆեոդալական) հարաբերությունների դարաշրջան: Տոհմիկ ավագանու և պետական պաշտոնեության առավել խոշոր ներկայացուցիչներին հատկացված պետական (արքայական) հողերը վերածվեցին ժառանգական սեփականության՝ ավատի (ֆեոդի), իսկ այդ հողերում ապրող բնակչությունը (գյուղացի ազատ համայնականներ)՝ ավատատերերից կախյալ հարկատու բնակչության: Քաղաքական իշխանության մասնատումը (և թուլացումը) և բնակչության խոցելիությունը ստեղծեցին այնպիսի unցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական հարաբերություններ, որոնց ամբողջությունը հետագայում կոչվեց ավատատիրություն: Դա սոցիալական և տնտեսական խիստ աստիճանակարգային համակարգ էր՝ հիմնված հողերի (ավատի) բաշխման և անձնական հավատարմության վրա։ Հողատերը (արքան, նախարարները և այլք) ավատ էր տալիս և դրա հետ մեկտեղ՝ զինվորական ու իրավական պաշտպանության խոստում։ Փոխարենը նա ավատառուից (ավատը ստացողից) որևէ տեսակի վճար էր ստանում: Դա կարող էր ենթադրել զինվորական ծառայություն, ապրանքով կամ փողով կանոնավոր վճարում:
Ավատատիրական հարաբերությունների խորացմանը զուգընթաց ավելի որոշակիորեն դրսևորվեցին սոցիալական շերտերի տարբերությունները։ Հասարակության մեջ առանձնացան երկու դասեր՝ «ազատներ» և «անազատներ», որոնք միմյանցից առանձնանում էին իրավունքներով և պարտականություններով։ Ազատների դասի ներկայացուցիչներն էին խոշոր և միջին հողատեր ազնվականները (նախարարներ, հոգևորականներ և այլք), իսկ անազատների դասի ներկայացուցիչներն էին քաղաքացիները (արհեստավորներ և առևտրականներ) և ազատ կամ կախյալ գյուղացիները (շինականները):
Պայքար թագավորական իշխանության համար
Ավատատիրական հարաբերությունների արմատավորմանը զուգընթաց խոշոր կալվածատերերը ձեռք բերեցին ավելի մեծ անկախություն։ Այդուհետ հայ թագավորները հաճախ ստիպված էին դիմակայել միաժամանակ կենտրոնախույս ուժերին և արտաքին թշնամիներին: Վիճակը սրվում էր, հատկապես երբ անհրաժեշտ էր լինում հավասարակշռություն ապահովել Հռոմեական և Սասանյան կայսրությունների միջև։ Երկրի կայունությունը պահպանելու առումով եկեղեցու և թագի դաշինքը սկզբում փոխշահավետ էր: Սակայն ժամանակի ընթացքում եկեղեցական կալվածատիրությունը լայն չափերի հասավ և արդեն մրցակցում էր ոչ միայն նախարարական տների, այլև թագավորի հետ:
Տրդատ Մեծին հաջորդած Խոսրով III Կոտակի (330-338) օրոք արդեն արքան, նախարարները և եկեղեցին բաժանվեցին Հռոմի, Սասանյանների և կենտրոնաձիգ իշխանության կողմնակիցների: Խոսրով Կոտակին հաջողվեց ճնշել կենտրոնախույս նախարարական ելույթները և վերահսկողություն հաստատել ավագ նախարարների վրա: Ապագա անհնազանդությունները կանխելու համար նա օրենք սահմանեց, ըստ որի՝ հազար և ավելի զինվոր ունեցող նախարարները պիտի ապրեին արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովի կարճատև թագավորումը նշանավորվեց նաև Դվին քաղաքի կառուցմամբ, որը դարձավ նոր մայրաքաղաքը՝ փոխարինելով Արտաշատին: Խոսրով Կոտակի կառավարման վերջին տարիներին կրկին լարվեցին հռոմեա-պարսկական հարաբերությունները:
338 թ. սկսված պարսկա-հռոմեական պատերազմի ժամանակ գահաժառանգ Տիրանը հարկադրաբար ապաստանեց Հռոմում։ Հաջորդ տարի նա վերադարձավ Հայաստան և Հռոմի աջակցությամբ հաստատվեց գահին: Տիրանը փորձում էր ճնշել նախարարական ապստամբությունները։ Լարված էին նրա հարաբերությունները եկեղեցու հետ, քանի որ վերջինս սկսել էր հարել ընդդիմադիր շարժմանը: Տիրանի անհավասարակշիռ և կտրուկ միջամտությունների արդյունքում ի վերջո ձախողվեց թագավորական իշխանության կենտրոնացման քաղաքականությունը:
Արշակ II արքան և պարսկա-հռոմեական պատերազմները
Տիրանին հաջորդած Արշակ II-ը (350-368) Հայաստանը կառավարում էր ներքին հակամարտությունների պայմաններում։ Լարվածությունը թուլացնելու նպատակով նա փորձում է համերաշխության եզրեր գտնել եկեղեցու և նախարարների հետ։ Վերականգնում է տոհմիկ ավագանու ժառանգական արտոնությունները: Կաթողիկոսությունը վերադարձնում է Լուսավորչի տոհմին՝ Ներսես Պարթևի գլխավորությամբ: Երկրի ներքին կայունությունն ապահովելու համար ձեռնամուխ է լինում օրենսդրական մի շարք կարգավորումների։ 354 թ. հրավիրվում է առաջին հայկական եկեղեցական ժողովը Աշտիշատում, որտեղ ընդունվում են աշխարհիկ և կրոնական մի շարք կանոններ: Ժողովի որոշմամբ որոշ չափով կրճատվում են ժողովրդից գանձվող հարկերը: Որոշվում է բոլոր գավառներում հիմնել հունական և ասորական դպրոցներ և արգելել պարսկերենի ուսուցումը: Որոշվում է նաև բացել որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ: Սակայն իրավիճակը շուտով կտրուկ փոխվում է: Կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով արքան կառուցում է նոր քաղաք, որն իր անունով կոչում է Արշակավան: Նախարարները, սակայն, դժգոհ լինելով կենտրոնական իշխանության ամրապնդման քաղաքականությունից, ապստամբում և ավերում են Արշակավանը:
Երկրում այս իրադրությունն էր տիրում, երբ նոր պատերազմ է սկսվում պարսիկների և հռոմեացիների միջև (359 թ.)։ Հայաստանին կրկին ընտրություն էր պարտադրվում՝ ի նպաստ կողմերից մեկի: Արշակ արքային միառժամանակ հաջողվում է պահել երկրի հավասարակշռությունը, սակայն 363 թ. կնքված Մծբինի հռոմեա-պարսկական հաշտության դաշնագրից հետո դա այլևս անհնար էր: Դաշնագրով, որը հայտնի է նաև «ամոթալի» անվամբ, հռոմեացիները խոստանում էին չօգնել Արշակ II-ին, եթե Շապուհը նրա դեմ պատերազմ սկսեր:
Շուտով սկսվում է պարսկա-հայկական քառամյա պատերազմը (364-368): Սկզբնապես հայկական կողմը հաջողությամբ էր պայքարում պարսկական բանակի դեմ, սակայն նախարարներից ոմանք կամ աստիճանաբար անցնում են պարսիկների կողմը, կամ էլ չեզոքություն են պահպանում: Արքան մնում է միայնակ և ստիպված է լինում ներկայանալ Շապուհ II-ին: Նա ձերբակալվում է և իր մահկանացուն կնքում Անհուշ բերդում (368 թ.)։
Այդ նույն ժամանակ Արտագերս ամրոցում ամրացած Փառանձեմ թագուհին փորձում էր դիմադրել պարսիկներին, մինչ որդին՝ Պապը, կվերադառնար Հռոմից։ Սակայն համաճարակի և սովի պատճառով դիմադրությունը թուլանում է։ Պարսիկներին հաջողվում է գրավել բերդն ու գերեվարել թագուհուն:
Պապ արքան և նրա վերափոխությունները
Արշակին հաջորդած երիտասարդ Պապ արքան (370-374) գահ է բարձրանում շատ ծանր պայմաններում։ Պատերազմական գործողությունների արդյունքում ավերվել էին հայոց քաղաքային կենտրոնները՝ Արտաշատը, Երվանդաշատը, Տիգրանակերտը, Դվինը, Վաղարշապատը, Վանը և այլն: Չնայած դրան՝ 371 թ. Ձիրավի դաշտում՝ Նպատ լեռան փեշերին, Պարսկաստանի նկատմամբ տարած փայլուն հաղթանակը հնարավորություն է տալիս զբաղվել երկրի ներքին գործերով և ձեռնարկել երկրի վերակառուցումը: Իր կարճատև կառավարման տարիներին Պապը փորձում է իրագործել մի շարք վերափոխություններ, որոնք միտված էին երկրի բարեկեցության ամրապնդմանն ու թագավորության ամբողջականության վերականգնմանը:
Պապի առաջին ձեռնարկումներից է լինում ուժեղ բանակի ստեղծումը՝ հասցնելով այն 90 հազարի: Կարճ ժամանակում նա հետ է նվաճում Հայաստանից զավթված գրեթե բոլոր ծայրագավառները: Կենտրոնախույս ուժերի հնազանդեցումից հետո Պապը ձեռնամուխ է լինում եկեղեցու վերափոխությանը: Նա վճռական է գտնվում և հայոց եկեղեցին դուրս է բերում Կեսարիայից ունեցած կախվածությունից: Ներսես կաթողիկոսի մահվանից հետո հայ եպիսկոպոսներն են ձեռնադրում հայոց նոր կաթողիկոսին՝ շրջանցելով Կեսարիայում ձեռնադրվելու ավանդույթը: Շնորհիվ այս վերափոխության՝ հայոց եկեղեցին ձեռք է բերում ինքնուրույնություն։
Եկեղեցու նկատմամբ գահի անվերապահ գերակայությունը հաստատելու նպատակով Պապ արքան նաև կրճատում է եկեղեցու արտոնությունները. սահմանափակում է նրա եկամտի աղբյուրները (կալվածքներ և այլն), փակում է բազմաթիվ մենաստաններ և կուսանոցներ: Արտաքին քաղաքականության ոլորտում փորձում է հարաբերություններ հաստատել Պարսկաստանի հետ։ Բայց այդ ամենն առաջացնում է թե՛ նախարարների, թե՛ եկեղեցականների և թե՛ դաշնակից Հռոմի թշնամանքը: Արդյունքում Հռոմի կայսրի հանձնարարությամբ Պապը դավադրաբար սպանվում է 374 թվականին:
Մեծ Հայքի բաժանումն ու թագավորության կործանումը
Պապ արքան, թերևս, Արշակունիների վերջին զորեղ և գործունյա արքան էր, որի սպանությունից հետո արքայական իշխանության, եկեղեցու և նախարարների միջև առաջացած անջրպետն էլ ավելի խորացավ: Այս ընթացքում զորեղացավ Մամիկոնյան նախարարական տոհմը՝ դառնալով երկրի փաստական կառավարիչը: Հայաստանում կենտրոնական իշխանությունը վերջնականապես կազմալուծվեց: Իսկ արդեն 387 թ. Պարսկաստանի և Հռոմի համաձայնությամբ այն բաժանվեց երկու անհավասար մասի, որի մեծագույն մասն անցավ Պարսկաստանի հսկողության տակ: Ձևականորեն Հայաստանի երկու մասերում էլ շարունակում էին կառավարել Արշակունի թագավորները: Մի վերջին անգամ Հայաստանի միասնականությունը վերականգնելու փորձ արվեց հայոց Վռամ շապուհ արքայի (388-414) օրոք. նա փորձեց երկու մասի բաժանված Հայաստանները միավորել հոգևոր-մշակութային ճանապարհով: Նրա աջակցությամբ էր, որ 405 թ. Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը, և դպրոցներ բացվեցին թե՛ պարսկական, թե՛ հռոմեական (բյուզանդական) Հայաստաններում: Սակայն Արշակունյաց Հայաստանի փլուզումն այլևս հնարավոր չեղավ կասեցնել։ Հաղթեց ավագանու ծրագիրը. 428 թ. նրանց պահանջով Պարսից շահը գահընկեց արեց Արշակունյաց վերջին հայ արքային՝ Արտաշես-Արտաշիրին:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչպե՞ս արմատավորվեց ավատատիրությունն Արշակունյաց Հայաստանում:
IV դարում Հայաստանը թևակոխեց նոր՝ ավատատիրական (ֆեոդալական) հարաբերությունների դարաշրջան:
2. Ինչո՞վ էր պայմանավորված թագավորական իշխանության թուլացումը ավատատիրության ձևավորման ընթացքում:
Քաղաքական իշխանության մասնատումը և թուլացումը և բնակչության խոցելիությունը ստեղծեցին այնպիսի unցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական հարաբերություններ, որոնց ամբողջությունը հետագայում կոչվեց ավատատիրություն:
3. Ինչո՞ւ Հռոմը չհանդուրժեց Պապ արքայի ձեռնարկած վերափոխությունները և կազմակերպեց նրա սպանությունը:
Եկեղեցու նկատմամբ գահի անվերապահ գերակայությունը հաստատելու նպատակով Պապ արքան նաև կրճատում է եկեղեցու արտոնությունները. սահմանափակում է նրա եկամտի աղբյուրները (կալվածքներ և այլն), փակում է բազմաթիվ մենաստաններ և կուսանոցներ: Արտաքին քաղաքականության ոլորտում փորձում է հարաբերություններ հաստատել Պարսկաստանի հետ։ Բայց այդ ամենն առաջացնում է թե՛ նախարարների, թե՛ եկեղեցականների և թե՛ դաշնակից Հռոմի թշնամանքը: Արդյունքում Հռոմի կայսրի հանձնարարությամբ Պապը դավադրաբար սպանվում է 374 թվականին:
4. Ի՞նչ ես կարծում, ի՞նչ առավելություն տվեց Հայոց եկեղեցուն այն, որ Պապ արքան արգելեց կաթողիկոսի ձեռնադրումը Կեսարիայում։
????????????????????????
5. Ի՞նչ հետևանքներ ունեցավ և կարող էր ունենալ այն, որ արքան, նախարարներն ու եկեղեցին բաժանվեցին Հռոմի, Սասանյանների և կենտրոնաձիգ իշխանության կողմնակիցների:
Իշխանությունը դրանից կսկսեր վերանալ։
6. Որքանո՞վ էր հիմնավոր Վռամշապուհ արքայի՝ Հայոց հողերը հոգևոր-մշակութային ճանապարհով միավորելու փորձը
Քանի որ դա հնարավորություն կտար պահպանել ազգային ինքնությունը։
7. Պատկերացրու, որ դու Վռամշապուհ արքան ես և մտածում ես հայոց գրեր ստեղծելու մասին, բայց պարսից արքայի թույլտվությունը չունես: Ինչպե՞ս կփորձես համոզել պարսից արքային, որ նա թույլ տա, որ հայերը սեփական գիրն ու գրականությունը ստեղծեն:
Ես կփորձեի համոզել արքային, որ հայոց գրերի ստեղծվեն, քանի որ այդպես հայերը ավելի կզարգանան և արդեն կկարողանան հայերեն գրել։
8. Ի՞նչ ես կարծում, եթե Վռամշապուհ արքան չդիմեր պարսից արքային՝ հայոց գրերի ստեղծումը թույլ տալու հարցով, դա ի՞նչ խնդիրներ կառաջացներ:
Հայ ժողովուրդը չէր կարողանա գրել հայերեն ու հայերը չէին զարգանա։
Կրճատած Տարբերակ՝
Հայաստանում ավատատիրության ձևավորումն սկսվեց IV դարում, երբ պետական (արքայական) հողերը դարձան ժառանգական սեփականություն՝ ավատ: Այս համակարգում հողատերերը (արքան, նախարարները) հող էին շնորհում ավատառուներին՝ հավատարմության ու ծառայությունների դիմաց: Ավատատիրական հասարակությունում ձևավորվեցին երկու հիմնական խավեր՝ ազատներ (խոշոր և միջին հողատեր ազնվականներ) և անազատներ (արհեստավորներ, առևտրականներ, գյուղացիներ), որոնք տարբերվում էին իրավունքներով ու պարտականություններով։
Ավատատիրության խորացմանը զուգընթաց նախարարները մեծացրին իրենց ազդեցությունը, ինչը թուլացրեց թագավորական իշխանությունը: Հայ արքաները ստիպված էին պայքարել կենտրոնախույս ուժերի և արտաքին թշնամիների դեմ: Եկեղեցին ի սկզբանե աջակցում էր թագավորությանը, սակայն հետագայում այն վերածվեց հզոր ուժի՝ դառնալով թագավորի մրցակից:
Խոսրով III Կոտակը (330-338) փորձեց ամրապնդել արքունի իշխանությունը՝ նախարարներին վերահսկողության տակ առնելով: Նրա հաջորդ Տիրանը բախվեց նախարարների ու եկեղեցու ընդդիմությանը, ինչը թուլացրեց թագավորությունը: Արշակ II-ը (350-368) փորձում էր հավասարակշռություն պահպանել, սակայն պարսիկների և հռոմեացիների միջև պատերազմը Հայաստանին ստիպեց կողմնորոշվել, ինչը հանգեցրեց նոր հակամարտությունների: Նա ի վերջո գերի ընկավ պարսիկների ձեռքին և մահացավ Անհուշ բերդում:
Պապ արքան (370-374) փորձեց վերականգնել թագավորական իշխանությունը՝ ուժեղացնելով բանակը, հետ նվաճելով տարածքներ և եկեղեցու նկատմամբ սահմանափակումներ մտցնելով: Սակայն նրա բարեփոխումները դժգոհության պատճառ դարձան, և Հռոմի աջակցությամբ նա սպանվեց:
Պապի մահից հետո արքայական իշխանությունը թուլացավ, իսկ 387 թ. Հայաստանը բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Չնայած Արշակունիների վերջին արքաները փորձեցին վերամիավորել երկիրը, ավատատիրական մասնատումը խորացավ, և թագավորությունը վերջնականապես վերացավ:
Վռամշապուհ արքան կառավարել է Մեծ Հայքը 389-414 թվականներին։ Նա Պապ թագավորի որդին էր և Ռոմանոս արքայի մահից հետո գահ բարձրացավ։ Նրա օրոք Հայկական թագավորությունը շարունակում էր պահպանել իր ինքնիշխանությունը, բայց արդեն մեծ կախվածություն ուներ Սասանյան Պարսկաստանից։ Վռամշապուհը հայտնի է հատկապես Մեսրոպ Մաշտոցին աջակցելով՝ հայերեն գրերի ստեղծման գործում։ Նրա թագավորության տարիներին հայ ժողովուրդը մեծ առաջընթաց ունեցավ մշակույթի և կրթության ոլորտներում։