Բառարան
Անդրեփրատյան համադաշնություն | պարթև Վաղարշ I-ի (51-79) ջանքերով կազմավորված համադաշնությունը, որը նախ և առաջ պաշտպանական միություն էր ընդդեմ Հռոմի: Անդամակցում էին Պարթևստանը, Ատրպատականը, Ադիաբենեն և (թերևս) Աղվանքը: Նրանց միացավ նաև Մեծ Հայքը:
Հայաստանում Արտաշեսյան արքայատոհմի անկումից հետո հռոմեապարթևական մրցակցությունը նոր թափ ստացավ։ Հայաստանը որոշիչ դերակատարություն ուներ երկու տերությունների համար էլ։ Մրցակցող կողմերից որևէ մեկի վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ սպառնալիք էր մյուսի համար: Սկզբնապես Հռոմն ուներ անժխտելի գերակայություն և Հայաստանում հաստատեց ենթակա վարչակարգ։ Չնայած դրան՝ Մեծ Հայքը ծավալվող իրադարձություններում սոսկ կրավորական դեր չուներ: Հռոմեացիների հովանավորած գահակալները, որպես կանոն, կամ վտարվում էին Հայաստանից, կամ էլ զոհ էին գնում հայ ազնվականության դավադրություններին: Հայոց ինքնիշխան կեցվածքն ընկճելու համար Հռոմն աստիճանաբար իջեցնում էր Հայաստանի կարգավիճակը և ի հակակշիռ դրան՝ բարձրացնում Ատրպատականի, հետո Վիրքի կարգավիճակը: Թվում էր՝ անխուսափելի էին նաև հայոց ավագանու պառակտչական բախումներն ու երկրի սոցիալական կյանքի փլուզումը: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը, հայոց ավագանին, մի կողմ թողնելով ներքին հակասություններն ու խնդիրները, միասնաբար ստանձնեց սոցիալական և իշխանական կառույցների պահպանման պատասխանատվությունը։
Տասնամյա կամ Հայոց գահաժառանգության պատերազմը (54-64)
Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հռոմեա-պարթևական պայքարը կողմերից ոչ մեկին վերջնական հաղթանակ չբերեց: Մինչ Հռոմեական կայսրությունը փորձում էր Հայաստանում իր ազդեցությունը պահպանել դրածո թագավորների միջոցով, Պարթևստանը հրաժարվեց Հայաստանի նվաճման ծրագրերից՝ փոխարենը որդեգրելով հայերի հետ համագործակցելու քաղաքականություն: Սա հանգեցրեց հայ-պարթևական փոխշահավետ դաշինքի 50-ական թվականների սկզբին, երբ պարթևական գահին բարձրացավ Վաղարշ I-ը (51-79): Վերջինս ստեղծեց այսպես կոչված «Անդրեփրատյան համադաշնությունը», որին հարում էր նաև հայոց ավագանին: Հայ-պարթևական համաձայնությամբ Մեծ Հայքի գահը հանձնվեց Վաղարշ արքայի եղբորը՝ Տրդատին: Վերջինս ժամանեց Հայաստան: Արտաշատն ու Տիգրանակերտը հոժարությամբ հանձնվեցին նրան: Հռադամիզդը, որն այդ ժամանակ հայոց գահակալն էր, պարտություն կրելով, փախավ Վիրք:
Մեծ Հայքում շուրջ 40 տարի հաստատված հռոմեական գերակայությունը հարցականի տակ էր դրվել։ Այդ ժամանակ Հռոմի կայսրն էր Ներոնը (54-68), որը փորձում էր ամեն կերպ փրկել իրավիճակը։ Նա կարևորում էր ոչ այնքան Հայաստանի նվաճումը, որքան այն, որ հակառակորդ Պարթևական պետությանը թույլ չտրվեր հասնել դրան: Բայց ապարդյուն. Հայաստանը հաստատապես պարթևական կողմնորոշում ուներ՝ կայուն պետականություն ստեղծելու նպատակով։ Պատերազմն անխուսափելի էր:
Սկսված պատերազմը, որը տևեց տասը տարի (54-64), իր գագաթնակե տին հասավ մասնավորապես 58-63 թվականներին: Հաջողությունն ուղեկցում էր մերթ հռոմեական, մերթ հայ-պարթևական ուժերին: Հռոմեական զորքերի գլխավոր հրամանատար Գնեուս Կորբուլոնը 58 թվականի ամռանը ներխուժեց Հայաստան, հիմնահատակ կործանեց և կողոպտեց Արտաշատ մայրաքաղաքը, բայց շուտով ստիպված եղավ հեռանալ Ասորիք: Դրանից անմիջապես հետո հայ-պարթևական զորքերը ռազմակալեցին Հայաստանը՝ մաքրելով այն հռոմեական կայազորներից: Վաղարշ արքան Մծբին քաղաքում Տրդատին թագադրեց արքայական խույրով, որն օրինավորված էր Նպատի Աշխարհաժողովով:
Տրդատ I-ի գահակալումը
Տրդատի՝ հայոց արքա դառնալը կրկին սրեց իրավիճակը: Վաղարշ I-ը, ցանկանալով խուսափել հետագա հարձակումներից, փորձում էր խաղաղ ճանապարհով լուծել Հայաստանի հարցը: Սկսվեցին բանակցությունները, սակայն Ներոնը որոշել էր նվաճել Հայաստանը և վերածել նահանգի: 62 թվականին հռոմեական մի նոր բանակ հատեց Հայաստանի սահմանը՝ այս անգամ զորավար Լուկիուս Պետուսի գլխավորությամբ: Հռոմեական զորքերին ընդառաջ շարժվեցին հայ-պարթևական մեծաքանակ զորքերը։ Պետուսի բանակը մի քանի ճակատամարտերում ջախջախվեց և ստիպված էր նահանջել: Սակայն վճռական գործողությունները տեղի ունեցան Արածանիի ափին՝ Հռանդեա բնակավայրի մոտ: Հռոմեական զորքը շրջափակվեց հայ-պարթևական զորքերի կողմից ինչը ստիպեց հուսալքված Պետուսին իր ողջ բանակով անձնատուր լինել հակառակորդի ողորմածությանը։ Զինաթափված հռոմեական լեգեոններն անցկացվեցին անարգանքի լծի տակով։ Պատերազմն այլևս չվերսկսվեց։ Հռանդեայում ձեռք բերված համաձայնությունը վերահաստատվեց 64 թվականին՝ Տրդատ I-ի և Կորբուլոնի միջև նույն Հռանդեայում կնքված դաշնագրով: Այս անգամ Ներոն կայսրը համաձայնեց փոխզիջման տարբերակին. Տրդատը հաստատվում էր Հայոց գահին, սակայն անձամբ պետք է գնար Հռոմ՝ Ներոնի ձեռքից թագը ստանալու համար: Մեծ շքախմբով Հռոմ մեկնած Տրդատը վերադարձավ 66 թ.՝ արդեն որպես Հայաստանի օրինավոր թագավոր: Հռոմի կայսրը նաև Արտաշատը վերականգնելու համար զգալի գումար և մի խումբ արհեստավորներ էր տրամադրել։ Տրդատը վերակառուցեց երկրի ավերված տնտեսությունը, վերականգնեց Արտաշատ մայրաքաղաքը և զարգացրեց ներքին ու արտաքին առևտուրը:
Այսպիսով՝ Հայաստանի նկատմամբ վերահսկողության համար Հռոմի և Պարթևաստանի միջև գրեթե հարյուրամյա մրցակցությունն այլ ելք ունեցավ։
Թե՛ Հռոմը, թե՛ Պարթևստանը, չկարողանալով նվաճել Հայաստանը, ստիպված եղան ճանաչել Հայաստանի պետական ինքնիշխանությունը և հանդես գալ որպես դրա համատեղ երաշխավորներ: Տրդատ I-ի գահ բարձրանալով՝ Հայաստանում սկզբնավորվեց պարթև Արշակունիների հայկական ճյուղը։ Արքայական իշխանության փոխանցումը, սակայն, դեռ ժառանգական չէր:
Հայ Արշակունիների ժառանգական իշխանության հաստատումը
Ներոնը և նրա հաջորդները Հայաստանի նկատմամբ դրսևորեցին չափավոր քաղաքականություն՝ փորձելով պահպանել այն որպես չեզոք պատվար հյուսիսկովկասյան տափաստանների քոչվորների և պարթևների արշավանքների դեմ։ Տրայանուսի օրոք տեղի ունեցավ քաղաքականության կտրուկ փոփոխություն: Նա փորձեց խախտել «Հռանդեայի համաձայնությունը» և Հայաստանին պարտադրել հռոմեական լիակատար վերահսկողություն: 114 թ. Տրայանուսը ներխուժեց Հայաստան՝ նպատակ ունենալով Հայոց թագավորությունը վերածել հռոմեական նահանգի: Հռոմեական նահանգի վերածված Հայաստանը, սակայն, շուտով վերականգնեց նախկին կարգավիճակը: Տրայանուսին հաջորդած նոր կայսրը ճանաչեց Մեծ Հայքի թագավորության անկախությունը։ Հռոմեական զորքերը դուրս բերվեցին Հայաստանից, և գահ բարձրացավ Հռոմի կողմից ճանաչված Վաղարշ I-ը (117-140): Նոր արքան աչքի ընկավ շինարարական աշխատանքներով: Կառուցվեցին և վերակառուցվեցին մի շարք քաղաքներ: Վերակառուցված քաղաքներից էր Վարդգեսավանը, որը կոչվեց Վաղարշապատ:
Սակայն ո՛չ Հռոմը, ո՛չ էլ Պարթևստանը չէին հրաժարվել Հայաստանը վերջնականապես նվաճելու և իրենց տիրույթներին միավորելու մտքից: Պատահական չէ, որ հաջորդ տասնամյակներում պարբերաբար խախտվում էր «Հռանդեայի համաձայնությունը», և Հայաստանում հաջորդաբար նշանակվում էին մերթ պարթևներին, մերթ հռոմեացիներին ցանկալի արքաներ: Ի վերջո Հայոց գահը, Հռոմի համաձայնությամբ, անցավ Վաղարշ II-ին (186-198)։ Վերջինս Հռոմի հետ վարում էր ճկուն և հեռատես քաղաքականություն, շնորհիվ որի հռոմեական կայազորը դուրս բերվեց երկրից։ Հռոմը նույնիսկ ֆինանսական օգնություն ցուցաբերեց Վաղարշ II-ին, որպեսզի օգներ հզորացնել հայկական բանակը: Բանն այն է, որ նա ձգտում էր պաշտպանել երկիրը և կայսրության արևելյան գավառները լեռնային ցեղերի կրկնվող արշավանքներից: Այս ցեղերից մեկի դեմ պատերազմում Վաղարշ II-ի մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ Խոսրով I-ը (198-215): Հայաստանում հաստատվեց Արշակունիների թագավորական հարստությունը: Այդպիսով՝ Վաղարշ II-ից և Խոսրով I-ից սկիզբ է առնում հայ Արշակունիների ժառանգական իշխանությունը Հայաստանում:
Հարցեր և առաջադրանքներ․
1․ Ներկայացրո՛ւ: Ե՞րբ կնքվեց Հռանդեայի դաշնագիրը և ի՞նչ էր այն ենթադրում:
Հռանդեայի դաշնագիր կնքվեց 64 թվականին՝ Տրդատի և Կորբուլոնի միջև։ Այն հաստատեց Հայաստանի անկախությունը, բայց Տրդատը պետք է գնար Հռոմ՝ թագ ստանալու։
2․ Բացատրի՛ր: Ինչո՞վ էր կարևոր հայ ավագանու կողմից սոցիալական և իշխանական կառույցների պահպանման պատասխանատվությունը ստանձնելը:
Հայ ավագանու պահպանումը կարևոր էր, քանի որ այն թույլ տվեց պահպանել երկրի դիրքը և կանխել փլուզումները։
3․ Վերլուծի՛ր: Ի՞նչ միջոցների էր դիմում Հռոմը՝ Հայաստանի դիմադրությունն ընկճելու և իր գերակայությունը պահպանելու համար:
Հռոմը փորձում էր վերահսկել Հայաստանը թագավորների միջոցով և իջեցնում էր Հայաստանի կարգավիճակը։
4․ Ինչո՞ւ թե՛ Հռոմին, թե՛ Պարթևստանին ձեռնտու չէր Հայաստանում արքայական իշխանության փոխանցման ժառանգական կարգը:
Հռոմին ու Պարթևստանին չէր ձեռնտու ժառանգական իշխանությունը, քանի որ դա կարող էր ուժեղացնել Հայաստանի անկախությունը։
5․ Ինչպե՞ս էր աշխատում «Հռանդեայի համաձայնությունը», ե՞րբ էին կողմերը խախտում այն և ե՞րբ կրկին վերականգնում:
???????????????????????????????????????????????????????
6․ Ինչպե՞ս հաջողվեց հայոց ավագանուն Հայաստանում վերականգնել թագավորությունը:
Հայոց ավագանու միավորումը թույլ տվեց պահպանել երկրի իշխանությունը։
7․ Պատկերացրո՛ւ, որ դու Տրդատ I արքայի խորհրդատուն ես և պետք է Տրդատին խորհուրդ տաս, թե ինչպես արձագանքի Հռոմի կայսր Ներոնի առաջարկին. գնա՞լ Հռոմ և նրանից ստանալ թագը, թե՞ մնալ Հայաստանում և շարունակել պայքարը: Ինչպե՞ս կհիմնավորես Տրդատի Հռոմ մեկնելու անհրաժեշտությունը:
Կրճատած Տարբերակ՝
Անդրեփրատյան համադաշնություն
Պարթև Վաղարշ I-ը (51-79) ձևավորեց Անդրեփրատյան համադաշնությունը, որի նպատակն էր պաշտպանվել Հռոմից։ Դրա մեջ մտնում էին Պարթևստանը, Ատրպատականը, Ադիաբենեն, Աղվանքը և Մեծ Հայքը։
Տասնամյա պատերազմ (54-64)
Հռոմն ու Պարթևստանը երկար պայքարում էին Հայաստանի վրա ազդեցության համար։ 51 թ.-ին Վաղարշ I-ը հայոց գահին նստեցրեց իր եղբայր Տրդատին։ Սակայն Հռոմը, Ներոնի գլխավորությամբ, փորձեց վերահսկել Հայաստանը։ 58 թ.-ին հռոմեացիները գրավեցին Արտաշատը, բայց շուտով նահանջեցին։ Հայ-պարթևական զորքերը հետ վերցրին Հայաստանը, իսկ Տրդատը պսակվեց Մծբինում։
62 թ.-ին Հռոմը նորից հարձակվեց, սակայն հռոմեական զորքերը պարտվեցին և ստիպված անձնատուր եղան։ 64 թ.-ին կնքվեց Հռանդեայի պայմանագիրը, որով Տրդատը ճանաչվեց Հայաստանի արքա, սակայն պետք է Հռոմում ստանար թագը Ներոնից։ 66 թ.-ին նա մեծ շքախմբով մեկնեց Հռոմ, ստացավ թագը և վերականգնեց Հայաստանի տնտեսությունն ու մայրաքաղաք Արտաշատը։
Հայ Արշակունիների իշխանություն
Հռոմն ու Պարթևստանը ստիպված եղան ճանաչել Հայաստանի անկախությունը։ Սակայն Տրայանուս կայսրը 114 թ.-ին փորձեց Հայաստանը դարձնել հռոմեական նահանգ, բայց դա երկար չտևեց։ 117 թ.-ին նոր կայսրը ճանաչեց Հայաստանի անկախությունը, և Վաղարշ I-ը դարձավ արքա։
Հայաստանում Արշակունիների իշխանությունը վերջնականապես ժառանգական դարձավ Վաղարշ II-ի (186-198) և նրա որդի Խոսրով I-ի (198-215) օրոք։








