Archive | 31 Հոկտեմբերի, 2022

Ամենապիտանի բանը

Ժամանակով Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ և խելացի մի թագավոր է եղել: Նա ունեցել է երեք որդի:
Եղավ, որ այդ թագավորը ծերացավ և կառավարության սանձը կամեցավ դեռ ողջ օրով հանձնել իր ժառանգներից նրան, որն ավելի ընդունակ կլինի այդ դժավրին գործին: Ուստի մի օր կանչեց որդիներին և ասաց.
-Սիրելի որդիներ, տեսնում եք, որ ձեր հայրը ծերացել է ու էլ չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց իջած կլինեի իմ գահից, եթե կատարված տեսնեի այն միտքը, որ երկար տարիներ պաշարել է հոգիս: Եվ հիմա ձեզանից ով որ իմաստուն կերպով լուծե այդ իմ միտքը, նա կստանա իմ թագը, նա կկառավարե իմ ժողովուրդը:
-Ապրած կենա մեր սիրելի հայրը, սուրբ է մեզ համար նրա վեհ կամքը. Այդ ի՞նչ մեծ միտք է, որ չի կարողացել լուծել նրա իմաստուն հոգին:
-Ահա՛ տեսնո՞ւմ եք այդ ահագին և մեծածավալ շտեմարանը, որ վաղուց շինել եմ: Իմ փափագս էր այդ լցնեի այնպիսի բանով, որ ամենապիտանին լիներ աշխարհիս երեսին և որով կարողանայի բախտավոր դարձնել իմ ժողովուրդը: Այդ շտեմարանը մնում է դատարկ:
Եվ հիմա, ո՛վ ձեզնից կարողանա այդ շտերամանը իր բոլոր անկյուններով, ծայրեծայր, լցնել աշխարհի այդ ամենապիտանի բանով, թող նա արժանի լինի գահին:
Առե՛ք գանձերիցս ինչքան որ կուզեք և առանձին-առանձին ուղի ընկեք քաղաքե-քաղաք, աշխարհ-աշխարհ, գտեք այդ բանը և լցրեք իմ շտեմարանը:
Ձեզ երեք անգամ քառասուն օր միջոց եմ տալիս:
Որդիները համբուրեցին հոր ձեռքը և ճանապարհ ընկան:
Ամբողջ երեք անգամ քառասուն օր նրանք շրջեցին քաղաքե-քաղաք, աշխարհե-աշխարհ. տեսան ուրիշ-ուրիշ մարդիկ, ուրիշ-ուրիշ բարքեր ու ժամանակին եկան կանգնեցին հոր առջև:
-Բարով եք եկել, անգին որդիներս, գտե՞լ եք արդյոք և բերել՝ ինչ որ ամենապիտանի բանն է աշխարհում:
-Այո՛, գտել ենք, սիրելի հայր,- պատասխանեցին որդիները:
Եվ հայրն իսկույն վեր առավ որդիներին և գնացին շտեմարանի դուռը. այնտեղ հավաքված էին բոլոր պալատականները և շա՛տ ժողովուրդ:
Թագավորը բացեց դուռը և կանչեց մեծ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որ աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ մեծ որդին գրպանից հանեց մի բուռ հացահատիկ՝ պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հացով կլցնեմ այս ահագին շտեմարանը, թանկագին հայր:
Ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հացը, ո՞վ կարող է առանց հացի ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա,- բայց հացից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Այն ժամանակ հայրը կանչում է միջնեկ որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Եվ միջնեկ որդին հանեց գրպանից մի բուռ հող, պարզելով դեպի հայրը՝ ասաց.
-Հողով կլցնեմ ես ահագին շտեմարանը, թանկագին հայր, ի՞նչն է աշխարհում ամենապիտանի բանը, քան հողը: Առանց հողի հաց չկա, առանց հողի ո՞վ կարող է ապրել: Շատ թափառեցի, շատ բան տեսա, բայց հողից անհրաժեշտ ոչինչ չգտա:
Ապա հայրը կանչեց կրտսեր որդուն.
-Ինչո՞վ կլցնես այս ահագին շտեմարանս, սիրելի որդյակ, ի՞նչ բանով, որն աշխարհում ամենապիտանին լինի:
Այդ միջոցին կրտսեր որդին հաստատ քայլերով մոտեցավ շտեմարանին, անցավ շեմքը, գրպանից հանեց մի փոքրիկ մոմ, կայծքարին խփեց հրահանը, կայծ հանեց, վառեց աբեթը, հետո մոմը: Բոլորը կարծում էին, թե նա ուզում է լույսի լուսով լավ զննել շտեմարանը, նրա ահագնությունը:
-Դեհ, ասա, որդի, ինչո՞վ կլցնես.- անհամբեր ձայնով հարցրեց հայրը:
-Լույսով կլցնեմ այս ահագին շտեմարանը, իմաստուն հայր, լույսով միայն: Շատ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա, բայց լույսից անհրաժեշտ ո՛չ մի բան չգտա: Լույսն է ամենապիտանի բանը աշխարհում: Առանց լույսի հողը հաց չի ծնի, առանց լույսի հողի վրա կյանք չէր լինի:
Շա՛տ թափառեցի, շա՛տ աշխարհներ տեսա և գտա, որ գիտության լույսն է ամենապիտանի բանը, և միայն գիտության լույսով կարելի է կառավարել աշխարհը:
-Ապրե՛ս,- գոչեց ուրախացած հայրը,- քեզ է արժանի գահն ու գայիսոնը, քանի որ լույսով ու գիտությամբ պիտի լցնես թագավորությունդ և մարդկանց հոգիները:
-Ապրա՛ծ կենա մեր երիտասարդ լուսավոր թագավորը,- գոչեցին ոգևորված պալատականներն ու ժողովուրդը ամբողջ:

Մխիթար Սեբաստացի

1676 թվականի Հունվարի 17-ին, Սեբաստյա քաղաքում ծնվեց Մանուկը` Պետրոսի և Շահրիստանի զավակը: Հետագա տարիներին նա իր ծնողների շնորհիվ ստացավ բարձրորակ կրթություն, որը իրեն կպատրաստեր հետագայում ընտանեկան առևտուրը շարունակելու համար:

Դեռ վաղ տարիքից Մանուկը երազում էր դառնալ քահանա:

Նա գտավ մի ընկեր, որի հետ փախան դեպի լեռները, որտեղ ապրեցին որպես ճգնավորներ:

Մանուկի ծնողները գտան նրանց և նրան տարան տուն: Այս պատահարի մասին տեղեկանալով` մոտակա վանքի` Սուրբ Նշանի վանահայրը, Մանուկին առաջարկեց վանքում հասարակական աշխատանքներ կատարել, ինչը նորից մերժվեց ծնողների կողմից:

Նա սկսեց այցելել հարևան ընտանիքներից մեկի տուն, որտեղ մի մայր իր երկու դուստրերի հետ ապրում էր վանականի կյանքով: Նրա այցելությունների նպատակը նույն տանը ապրող քահանայի հետ զրուցելն էր, ով իրեն շատ բան սովորեցրեց վանական կյանքի մասին:

Վանական

1691 թվականն էր, երբ Մանուկը վերջապես թույլատվություն ստացավ իր ծնողներից վանքում աշխատելու համար և շուտով ստացավ սարկավակի աստիճան: Հենց այս ժամանակ նա իր անունը փոխեց` դնելով Մխիթար:

Մխիթարը դեռ ոգևորված էր ստեղծել քարոզիչների միաբանություն, որը նվիրված կլիներ հայ ժողովրդի կրթական և հոգևոր մակարդակների բարձրացմանը:

Քսան տարեկան հասակում Սուրբ նշան վանքի վանահոր կողմից նա նշանակվեց քահանա:

Քսանհինգ տարեկանում Մխիթարը հիմնեց եկեղեցի Կոստանդոպոլսում, որի օրինակով էլ մի խումբ երիտասարդների հետ հիմնեց Մխիթարյան միաբանությունը:

Ընդամենը երկու տարի հետո` Օսմանյան իշխանությունների հալածանքներից փախչելով` միաբանությունը տեղափոխվեց Պենոպոլես, որը գտնվում էր վենետիկում:։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Իսկ 1715 թվականին միաբանությունը տեղափոխվեց Սուրբ Ղազար կղզի` Վենետիկի Հանրապետության հրամանով:

Սուրբ Ղազար կղզում կառուցեց վանքը, որտեղ էլ մահացավ 73 տարեկան հասակում:

Նա թարգմանել, ստեղծել և տպագրել է հազարավոր աշխատություններ` հարստացնելով հայերեն գրականությունը: Այսօր նրա մատենադարանում պահվում են ավելի քան 5000 ձեռագրեր և 100000 տպագիր գրականություն: